Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ղազանչեցոց եկեղեցուն՝ ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանք վիրավորել են, որոնցից մեկը ծանր։
«Ամբողջ աշխարհում ծավալած մեր գործունեության միջոցով ականատես ենք եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերն անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց:
Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի մայր տաճարն է՝ կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «Գրադ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998-ից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






