Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրել է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթունի Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում գործում է շուրջօրյա կայանման կետ, որտեղ կարող են մոտենալ Արցախից ժամանող, ժամանակավոր կացության վայր կամ հյուրընկալող չունեցող մարդիկ։ Այդ հասցեից նրանք կտեղափոխվեն ժամանակավոր կացարաններ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ արցախցիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ, որը գործում է շուրջօրյա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):






