AM
15 Հոկտեմբեր 2020 - 05:46 AMT

Հադրութի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրանք պարգևատրվել են նախագահ Արայիկ Հարությունյանի հրմանագրով՝ «թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար»։

Հադրութի շրջանի ղեկավարն ու մյուս աշխատակիցները հոկտեմբերի 10-ին կարողացել են 23 հոգով դիմագրվել քաղաք ներթափանցած հակառակորդի դիվերսիոն մեծաքանակ խմբին և պահել շրջվարչակազմի շենքը մինչ հայկական ուժերի վերախմբավորումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։