AM
16 Հոկտեմբեր 2020 - 09:28 AMT

Մնացականյան․ Բաքվի գործողություններն Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք են

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք են, որի մասին մշտապես բարձրաձայնել են հայկական կողմերը և որի հասցեագրման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն առավել քան արդիական է:

Մնացականյանը համապարփակ ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններով:

Երկուստեք կարևորվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։