Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ սանձազերծած պատերազմին, խոսել է Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:
Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:
Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում:
Դենդիասը նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նա ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:
Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։






