AM
19 Հոկտեմբեր 2020 - 13:29 AMT

Սարգսյան․ ԼՂ-ում Թուրքիայի գործողությունները Կովկասից դեպի Եվրոպա եկող աղետ են

Տպավորություն է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է այդ կառույցների վստահելիությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը POLITICO պարբերականին տված հարցազրույցում՝ հավելելով, որ պատերազմը հրահրվել է էթնիկ զտման համար։

Նախագահը նշել է, որ Անկարայի գործողությունները սպառնալիք են Եվրոպայի ու տարածաշրջանի համար։

Թուրքիան ակտիվ ռազմական և մարդուժի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։

«Ես կոչ եմ անում Բրյուսելում բոլորին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նախևառաջ, նրանք պետք է որոշեն, թե ինչն է ընդունելի, քանի որ թուրքական գործողությունները վնասելու են ՆԱՏՕ-ին, նրա հեղինակությանն ու հիմնարար գաղափարին, թե այն դաշինք է, որը գոյություն ունի թշնամուց պաշտպանվելու համար»,-ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշել է, թե տպավորություն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր շուրջն ամենուր անկայունություն է ստեղծում և ջարդում է ստատուս քվոն։

«Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,- ասել է նախագահը։

Ըստ պարբերականի՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16 ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում: Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն»:

Սարգսյանը նաև նշել է, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար։

«Պատրաստ եմ ( Գերմանիայի կանցլեր) Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է այլ գործերով, որ բոլորը զբաղված են Covid-19-ով, բայց, հարգելի տիկին կանցլեր, այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության և պատերազմի վիրուս է»,- ասել է նա:

Նա նաև նախազգուշացրել է, որ սիրիացի վարձկանները կարող են դառնալ տարածաշրջանում երկարաժամկետ ապակայունացման գործոն՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի և Իրանին համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։