Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ծննդյան օրվա առթիվ շնորհավորելով Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին, իր երախտագիտությունն է հայտնել նրան և Կանադայի կառավարությանն Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը կասեցնելու համար։
«Կանադան, որը քաջատեղյակ է այդ իրողությանը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր ևս գտնվեց սկզբունքային և մարդասեր՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը»,- ասվում է ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Նա անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հարձակմամբ պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ նշելով. «Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետությունը ենթարկվեց Ադրբեջանի աննախադեպ ծավալի, դաժան ու անմարդկային հարձակմանը, որի թիրախը դարձան նաև խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենի նպատակը մեկն է՝ մեկընդմիշտ զտել Արցախը հայությունից: Ադրբեջանի այս բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան, որը նպատակասլաց փորձում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ որդեգրած ծրագիրը՝ բնաջնջել հայությունը որպես ազգ»:
Ավելի վաղ Կանադայի ղեկավարությումը որոշել է, իրականացվող հետաքննության շրջանակներում, կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։






