Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնել է առաջնագիծ, քաղաքի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է, հայտարարել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին»,-ասել է Գասպարյանը։
Քաղաքապետը նշել է նաև, որ Էջմիածին համայնքի կողմից քույր քաղաք Հադրութին նվիրաբերել են 2012 թվականի արտադրության Uaz Hunter ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով:
Հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ՏԻՄ ղեկավարներին մոբիլիզացիոն քայլեր անել, կամավորների ջոկատներ հավաքագրել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






