Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, պաշտպանության նախարարությունն առաջարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր դրույթներով։
Ըստ դրա՝ գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում կազմվում է դրա կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է պարունակի մի շարք տվյալներ սեփականատիրոջ մասին։ Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում այն կարող է վերցվել հարկադիր կարգով։
Սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրոջը գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և այն վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրությունից հետո՝ 45-րդ օրը:
Եթե գույքը հնարավոր չէ վերադարձնել, ապա, ըստ օրենքի, տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:
Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում պաշտպանության ոլորտին առնչվող հարցերն էին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






