ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությանը հայկական ուժերի կողմից իբր Բարդայի հրթիռակոծման վերաբերյալ, հայտարարել է՝ Ադրբեջանի էժանագին սադրանքը հաստատում է, որ վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի։
Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:
«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:
Այդպես եղավ նաև այսօր (հոկտեմբերի 27, – խմբ.). ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում»։
Նշվում է, որ հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է վերիֆիկացիոն մեխանիզմների համակարգի ներդրումից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






