AM
2 Նոյեմբեր 2020 - 11:12 AMT

Բաթոյան․ ՀՀ-ն սահմանափակ հնարավորություն ունի բոլորին ցանկությանը համապատասխան կացարաններով ապահովելու

ՀՀ հնարավորություները սահմանափակ են բոլորին իրենց ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար: Այդ մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անիրական անվանելով հայտարարությունները, թե Արցախից եկած քաղաքացիները մնալու տեղ չունեն:

«Պարզել ենք, որ մարդիկ ունեն կացարան, բայց ավելի լավ տարբերակ են ուզում: Առաջին հերթին քաղաքացիների տանիքի, սննդի հարցն ենք լուծում», – ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին տեղի ու կացարանի խնդիր չկա, գրում է Aysor.am-ը:

Նախարարը հավելել է նաև, որ հայտարարությունները, թե 114 թեժ գծի զանգերին չեն պատասխանում, իրականությանը չի համապատասխանում։

Բաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը, որը պահանջել էր նախարարությունից գիտակցել սահմանադրական պարտականությունները, ասել է, որ նախարարությունը համագործակցում է ՄԻՊ-ի հետ։ «Չգիտեմ՝ ինչու է նման բան ասել», – նշել է Բաթոյանը:

Չհամագործակցելու մասին հայտարարությունը, նախարարի խոսքով, իրականությանը չի համապատասխանում:

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»: