AM
2 Նոյեմբեր 2020 - 11:21 AMT

Փաշինյան․ Բաքուն խոստովանել է` ի վիճակի չէ լուծելու իր անվտանգության հարցը, և դիմել վարձկաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է, որ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020-ի հուլիսից հետո «ինքն իրեն խոստովանել է, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծելու իր անվտանգության խնդիրները և դիմել հազարավոր վարձկանների օգնությանը», ինչի համապարփակ ապացույցներն արդեն կան:

«Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումն Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։

2020-ի հուլիսի 12-16-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր տեղի ունեցան: 5 հայ զինվոր զոհվեց, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին է հայտարարվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։