Դերասան Վարդան Պետրոսյանը միացել է «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի թիմի մարզումներին՝ ճակատ մեկնելու համար ռազմական անհրաժեշտ գիտելիքներ ստանալու նպատակով։
Նրա որդին՝ երգիչ ու հաղորդավար Հայկ Պետրոսյանն արդեն մեկնել է ռազմաճակատ և, ինչպես հայրն է պատմում՝ ասել է, որ հոր տեղը թիկունքում է, պետք է պինդ պահել այն։
«Առաջին օրը մտածում էի՝ այստեղ հանդիպելու եմ հզոր, առնական տղաների հարյուր կիլոգրամանոց, բայց տեսա շատ տարբեր տղաների և աղջիկների՝ հաղթանդամ, փոքր, գեր, նիհար։ Տեսա տղաների, որոնք երևի անգամ ֆուտբոլ չեն խաղացել, բայց զարմացա նրանց ներաշխարհով և բարոյական հաղթանակով իրենց իսկ հանդեպ»,- ասել է նա՝ նշելով, որ կրկին սիրահարվել է իր ժողովրդին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






