ԱԺ 2020-ի ընթացիկ բյուջեի ընթացիկ կատարման մասով խնայել է 252 մլն դրամ չօգտագործված գումար, քանի որ համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատակիցները և պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել։ Այդ մասին հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ անդրադառնալով ընթացիկ բյուջեի խոշոր կրճատումներին։
Նա նշել է նաև, որ երկու անգամ խոշոր վերանայումներ են եղել, որոնցից առաջինը տեղի է ունեցել համավարակի ընթացքում. այդ ժամանակ ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ։
«Այստեղ ամենամեծ բաժինը պարգևատրումներինն է, գործուղումներից ևս բավականին մեծ գումար է վերադարձվել»,- ասել է Սիրականյանը, գրում է Panorama.am-ը։
ԱԺ ընթացիկ բյուջեում երկրորդ մեծ վերաբաշխումը, ըստ Սիրականյանի, ռազմական դրությամբ է պայմանավորված եղել։ Մասնավորապես, պահուստային ֆոնդ է վերաբաշխվել 108 մլն 500 հազար դրամ. «Սա արդեն տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ դերի բարձրացման միջոցառումներից»։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ ընթացիկ կատարման մասով էլի տնտեսումներ կան, որոնք այս պահին դեռևս չեն վերադարձվել պահուստային ֆոնդ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






