AM
6 Նոյեմբեր 2020 - 10:59 AMT

ՀՀ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Դավիթ Բեկի և Ագարակի թիրախավորման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ️Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել: Այդ մասին ՄԻՊ-ը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։

Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, տրանսպորտային 5 միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է քաղաքացիական 1 անձ, 2-ը՝ վիրավորվել (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով)»,- ասվում է գրառման մեջ:

Զեկույցում նշվում է նաև, որ Ագարակ գյուղում հրետանային հարձակումների արդյունքում վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ։

Զեկույցի ամբողջական տեքստը հրապարակվելու է նոյեմբերի 6-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում:

Նոյեմբերի 2-ի` ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերը և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը։մեկ քաղաքացիական զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:Հոկտեմբերի 30-ին հակառակորդը ևս կրակել էր Դավիթ Բեկի վրա, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։