AM
9 November 2020 - 07:09 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 1042 նոր դեպք կա և 23 մահ

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 107,466-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1042-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ նոյեմբերի 8-ը, կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել:

Ապաքինվել է ևս 731 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 64,910 է, փաստացի բուժվողներինը՝ 40,569-ը։

Մահվան ևս 23 դեպք կա, 21-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1580 դեպք կա, այլ պատճառով՝ 407:

Մեկ օրում թեստավորվել է 2358 մարդ։ Ընդհանուր առմամբ 441,174 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։