Մայրաքաղաքի «Երևան» կամավորական ջոկատն օրեր առաջ միացել է Արցախի պաշտպանությանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ջոկատը ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտակոչից հետո։
«Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով»,- գրել է Մարությանը։
Նա նաև տեղեկացրել է, որ բացվել է «Երևան ջոկատ» հասարակական կազմակերպություն, որի բանկային հաշվեհամարին կարելի է դրամական փոխանցումներ կատարել՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին ընթացիկ հարցերում աջակցելու համար։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






