Ոստիկանությունը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում հաստատված ռազմական դրությամբ արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Ավելի վաղ 17 կուսակցություն նոյեմբերի 11-ին հանրահավաք էին հրավիրել, որում կներկայացվի ստեղծված իրավիճակից ելքը:
«Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ։






