Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու փաստաթղթի ստորագրման պահին Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախի նախագահի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնահատականներով՝ Ստեփանակերտը շատ թույլ կամ սիմվոլիկ էր պաշտպանված։
Նրա խոսքով՝ եթե հանկարծ ընկներ Ստեփանակերտը, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, և դրա հետևանքով Արցախը կկորցներ արդեն փաստաթղթով արձանագրվածը։
Փաշինյանը շեշտել է, որ այդպիսին էր ԳՇ շտաբի, Արցախի ղեկավարության գնահատականը, որ եթե չկանգնեցվեր պատերազմը, կամ Ասկերանով, կամ Մարտունիով, 2-րդ, 4-րդ, 5-րդ , նույնիսկ 6-րդ պաշտպանական շրջանները կարող էին հայտնվել շրջափակման մեջ։
«Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին»,- նշել է վարչապետը։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ։






