AM
11 Նոյեմբեր 2020 - 07:53 AMT

Փաշինյան․ Շուշիի անկումից հետո երկու անգամ հետ վերցնելու փորձ ենք արել

Շուշիի անկումից հետո երկու անգամ քաղաքը վերադարձնելու փորձ է արվել։ Մեկն ամբողջությամբ ձախողվել է, մյուսի դեպքում ջոկատին հաջողվել է ներս մտնել քաղաք։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Շուշիի շուրջ եկող տեղեկությունների ամբողջ հակասությունները կապվում են սրա հետ։

«Մեկ օր Շուշին անցավ հակառակորդի տիրապետության ներքո, որից հետո մի գրոհ եղավ և ձախողվեց դա։ Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի», – նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ սրանից իրադրությունը չի հաջողվել փոխել։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Շուշիի հիմնական վերահսկողությունը կորցրել է նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ` նոյեմբերի 7-ին։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ։