Պատերազմի օրերին ռազմարդյունաբերության զարգացմանն օժանդակողները չպետք է կանգ առնեն, թուլացնեն զգոնությունն ու հանգստանան, անհրաժեշտ է աշխատել նույն եռանդով ու առավելագույն ջանքերով, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը»,-ասել է նախարարը։
Նա նշել է, որ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ բազմաթիվ հաջողություններ են արձանագրվել, մարտի դաշտում բազմաթիվ զինվորների կյանք է փրկվել։
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական կողմի դեմ հիմնականում օգտագործվել են 5-րդ սերնդի տեխնոլոգիաներ։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՊԲ-ն մեծ խնդիր է ունեցել հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որն Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնար է դարձրել արձագանքը։ Պատերազմի ողջ ընթացքում ՀՀ-ում հանրային մակարդակով քննարկվում է գիտատեխնիկակակն առաջընթաց արձանագրելու ու ռազմարդյունաբերությունը զարգացնելու հնարավորությունն ու անհրաժեծտությունը։






