AM
11 Նոյեմբեր 2020 - 09:02 AMT

Սաղաթելյան․ Ոստիկանությունը թող չփորձի որևէ քայլ ձեռնարկել խաղաղ հանրահավաքի դեմ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիքի» եթերում ասել է, որ Հայաստանի վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր՝ սա փաստ է ու իրողություն, սակայն պետք է ելքեր գտնել։

Անդրադառնալով 17 կուսակցության նախաձեռնած հանրահավաքին՝ նա ասել է․ «Ոստիկանությունը թող չփորձի որևէ քայլ ձեռնարկել խաղաղ հանրահավքի դեմ։ Մենք երբեք չենք գնա քայլերի, որոնք ցնցումներ կարող են առաջացնել երկրում»։

Սաղաթելյանն ասել է նաև, որ երկրում 45 օր պատերազմ է եղել, 35 օր շարունակ հասարակությանը ստել են, կեղծ տեղեկություններ են տվել, պարբերաբար շրջաններ հանձնելով՝ հայտարարել են, թե հաղթել ենք, հաղթում ենք։

Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները բացառիկ կեցվածք են դրսևորել՝ ամեն ինչ մի կողմ են դրել ու կանգնել պետության ու բանակի կողքին։

«Մենք չենք լռել, բայց հրապարակային չենք խոսել, ասել ենք իր ճակատին։ Ոչ միայն քննադատել ենք, նաև հստակ առաջարկներ ենք ներկայացրել,»,- ասել է Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն այս պատերազմի ընթացքում միշտ մտածել է իր իշխանության պահպանման համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: