ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ վարչապետն Արցախի վերաբերյալ իր որոշումը կայացրել է իր առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է և այդ որոշումը կայացրել նաև իմ առաջարկությամբ»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։
«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասել է գեներալ-գնդապետը:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






