Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, ով ծնունդով Դաղստանից է, նշանակվել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար:
Նրան նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:
Գեներալ-լեյտենանտը Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալն է, որի մեջ մտնում է նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան։ 2017-ին նա ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Մարտական փորձ ունի սիրիական և չեչենական պատերազմներում։ Կրակի դադարեցման նմանատիպ կենտրոն է ղեկավարել նաև Դոնբասում։
Ղարաբաղում կտեղակայվի 1970 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:






