«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։
«Նիստի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
17 կուսակցության նախաձեռնած հանրահավաքի մասնակիցներն ԱԺ-ի մոտ պահանջում են արտահերթ նիստ անցկացնել և հեռացնել պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






