«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե նոյեմբերի 11-ի 22։15-ին Ազգային ժողովի նիստ չկայանա, ինքը կհայտարարի, որ Հայաստան ներխուժում է նաև խորհրդարանական ճգնաժամ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մարուքյանը հիշեցրել է, որ նիստ հրավիրելու համար, իսկ «Իմ քայլից» խորհրդարանում է միայն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց են հավաքվել։ Երեկոյի դրությամբ՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ 20:15-ին նշանակված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, այն սակայն հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով:
Դիմելով իմքայլական պատգամավորներին՝ Մարուքյանը նշել է, որ նրանց անվտանգությունն ապահոված է, իսկ եթե պատգամավորները չներկայանան և չտան պատասխաններ, դա կնշանակի, որ նրանք կողմ են, որ երկրում լինեն բախումներ:
«Երկու ժամվա մեջ պետք է այս քվորումն ապահովել, սպասում ենք ձեզ խորհրդարանում, քվորումը 10:15 ավարտվում է, եթե նիստը չկայացավ, դա նշանակում է, որ դուք չեք ուզում, որ պրոցեսները մղվեն քաղաքական խողովակներ, խորհրդարան, դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ: Մենք ի՞նչ է, Արցախը կորցնելու հետ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ենք հրահրում», – ասել է Մարուքյանը:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






