AM
11 Նոյեմբեր 2020 - 19:52 AMT

Վարչապետի խոսնակ․ ԶՈւ-ի դրության ու բանակցությունների մասին անտեղյակ քաղուժեր չեն եղել, նվազագույնն ազնիվ չեն

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում` ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնն ազնիվ չեն հասարակության առաջ, հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա նշել է, որ այդ ուժերը երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց քաղաքական նյութական նեղ շահերի։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին ևս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպուման ընթացքում մանրամասն և բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաև ճակատում տեղի ունեցողով»,-հայտարարել է նա։

Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում էին վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց էին հավաքվել։ Քաղաքական ուժերը ԱԺ նիստ ու վարչապետի հրաժարարկան էին պահանջում։