AM
12 Նոյեմբեր 2020 - 06:58 AMT

Մարուքյան․ Այս պահին իշխանություն չունենք

«Իմ քայլը» դաշինքը, որպես պառլամենտական կառավարող մեծամասնություն, հրաժարվում է լինել իշխանություն, հետևաբար այս պահին իշխանություն չունենք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ չեն պատրաստվում գալ խորհրդարան և քննարկել ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը և իրավիճակից հնարավոր ելքերը։

Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց են հավաքվել։ Երեկոյի դրությամբ՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ 20:15-ին նշանակված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, այն սակայն հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով: Առավոտյան հայտնի դարձավ, որ ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: