ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Արզումանյանի հարցին, հայտարարել է, որ ծանոթ է եղել «Իմ քայլի» տարածած հայտարարության միայն առաջին մասին։
«Ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա մեծամասնությունը»,-գրել է նա։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, սակայն չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։ Այս մասին խմբակցությունը հայտարարություն է տարածել` ընդդիմությանն առաջարկելով որոշ քայլեր իրականացնել։
«Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը», – ասված է հայտարարության մեջ:






