Նոյեմբերի 9-ից Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է տեղեկատվական դաշտում իր գործունեությունից: Շարունակելու է աշխատել գիտական ոլորտում և խնդրում է իրեն զերծ պահել տարբեր առաջարկներից, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվել ու չի պատրաստվում զբաղվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում:
Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա»,- գրել է Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել էր։ Նոյեմբերի 10-ի առավոտյան գրել էր՝ «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը






