AM
13 Նոյեմբեր 2020 - 07:09 AMT

Տեր-Պետրոսյան. Իշխանության համար մղվող պայքարում ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք

«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց մտահոգողը միայն ու միայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը:

«Առավել ցանկալի տարբերակը, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է… Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք»,- հայտարարել է նա։

Նշվում է, որ «Հայ ազգային կոնգրեսի» երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր ՀԱԿ-ը դրանով սատարում է նշված ճամբարներից որևէ մեկին:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»,- iLur-ի փոխանցմամբ, ասել է նախագահը։

Ավելի վաղ «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս՝ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել` ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Կարդացեք նաև` ՀԱԿ. «Իմ քայլը» աններելի հանցանք է գործել հայ ժողովրդի հանդեպ