Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիների խնդիրները երկկողմանի են։ Այդ մասին Երևանում ասուլիսին հայտարարել է ԱՀ աշխատանքի և սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Մեր քաղաքացիներին խնդրում եմ չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր պետք է տեղավորվել Երևանում։ Խնդիրների գերակշռող մասն այստեղից է առաջանում։ Նախարարությունը որդեգրել է քաղաքականություն՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հնարավորություն տալ տեղավորվել Երևանում, որպեսզի կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն», – ասել է օպերատիվ շտաբի համակարգողը։
Նա նշել է, թե այս պահին անօթևան կամ փողոցում հայտնված քաղաքացի չկա:
«Ունենք համակարգման, տեղաբաշխման, վերատեղաբաշխման խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում լուծվում են»,-ասել է նախարարը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






