Նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ կոնկրետ առաջարկներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
ՀՀ առաջին նախագահը խորհուրդ է տվել անմիջապես դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արկադի Ղուկասյանն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-ասվում է գրառման մեջ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






