Վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտարարել է, որ որևէ կասկած չկա՝ պատերազմի դադարեցման համաձայնության պատասխանատվությունն իր վրա է, սակայն այն լիարժեք կրելու համար անհրաժեշտ է համարում պարզաբանումներ տալ։
«Որևէ կասկած և տարընթերցում չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, կրում է դրա պատասխանատվությունը։ Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ գործունեության բերումով, եթե մի քիչ սուր ձևակերպենք՝ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ։ Բայց, որպեսզի դատավորը՝ տվյալ դեպքում ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին, այսինքն՝ պետք է խոսակցություն լինի։ Նույն զինվորներին, ընդդիմադիրներին, կառավարությանը, բոլորին լսելն այս պրոցեսի կարևոր և անբաժանելի մասն է։ Տեղի է ունեցել հետևյալը, որ 2018-ի մայիսի դրությամբ ԼՂ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, և, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ»,- մեկնաբանել է վարչապետը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Նա նշել է, որ Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ այժմ ներկայացնում են տարիներ առաջ իրենց արած գրառումները՝ Ղարաբաղ հանձնելու մասին։ Ըստ վարչապետի՝ կա 3 տարբերակ․ կամ այդ մարդիկ մարգարե են, կամ Կառավարությունն իրոք դավադիր է, և կամ, պարզապես, այդ մարդիկ իմացել են, թե որ կետի վրա է, «ուր է հասել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը և ինչ անխուսափելի պահանջներ և կոնսենսուս կա՝ դրված ՀՀ-ի առջև»։
«Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը՝ փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։ Ցավոք մեզ դա չի հաջողվել։ Ըստ էության, եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքներն առանց որևէ նախապայմանի պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ անել փոխել այդ տրամաբանությունը, չենք կարողացել և գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ փորձել է ամեն ինչ անել՝ 2 տարում հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար:
«Մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ։ Օրինակ, ասում են՝ դուք, ըստ էության, ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մեզ մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թուղթ և թղթեր, որ տարածքները հանձնվեն։ Մեզ մեղադրում են և հանձնելու և չհանձնելու մեջ։ Մեր զինված ուժերը կռվել և դիմադրել են այնքան ժամանակ, մինչև դա ունեցել է կոնկրետ նպատակ՝ իմաստ ռազմավարական և մարտավարական»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ մեղադրանքներ կան և զոհերի մասով, և այն, որ 20-30,000 զինվորի շրջափակում թույլ չտալու համար գնացել են այդ քայլերին։






