AM
16 Նոյեմբեր 2020 - 08:30 AMT

Վարչապետը՝ Շուշիի մասին․ Մինչև վերջ ենք կռվել, ցավոք՝ պաշտպանել չենք կարողացել

Հայկական կողմը պատերազմից կարող էր խուսափել, եթե Ադրբեջանին վերադարձներ 7 շրջան ու Շուշին, սակայն դա չէր այն քաղաքականությունը, որն ուզում էր վարել ՀՀ կառավորությունը, մարտահրավերն ընդունվեց, բայց ցանկալի արդյունքի չբերեց, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շուշիի ընկենելու մասին հայտարարվեց նոյեմբերի 9-ին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողսյանը նշել էր, թե քաղաքը հայկական ուժերի տիրապետության տակ չէ։ Ապա վարչապետը հայտարարել էր, որ մարտերը դեռ շարունակվում են։ Դրանից ժամեր անց պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքն անցնում է ադրբեջանական կողմին։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե «Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»։

«Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համեյան դեպս՝ սկզբնական շրջանում. ինչո՞ւ ենք գնացել այս ճանապարհով: Քանի կար հնարավորություն պաշտպանելու, թեկուզ տեսական, Պաշտպանության բանակը որոշել է կռիվ տալ մինչև վերջ, և մենք կռիվ ենք տվել մինչև վերջին վայրկյանը, բայց, ցավոք, չենք կարողացել այս խնդիրը լուծել… Մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև վերջին 2.5 տարում շատ դեպքերում չենք կարողացել լրացնել վերջին տարիների չարվածը. այո, մենք դրա համար պատասխանատու ենք»,- անդարդառնալով Շուշին հանձնելու մասին հարցին՝ ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Շուշին հայկական կողմը կորցրել է, քանի որ դիվերսիոն ներթափանցումներով շարունակաբար մտել են քաղաք, դավադրությամբ և առանց կռվի քաղաքը հանձնելու մասին մեկնաբանություններն անհիմն են։ Փաշինյանը՝ հղում անելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նշել է, որ քաղաքի մատույցներում բազմաթիվ հայ զինծառայողների դիեր կան ու հարցրել՝ քաղաքը հանձնելու դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ համար են կռվել նրանք։

Փաշինյանի խոսքով՝ Շուշին դավադրաբար հանձնելու մասին հայտարարությունների հեղինակը ոստիկանությունում հրաժարվել է մեկնաբանել իր ասածը, հանրային կերպով ևս «այդ տեղեկատվությունը չի տրամադրում»։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ բանակցային գործընթացում, երբ որևէ փոխզիջումնային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին Ադրբեջանի համար է անընդունելի դարձել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: