ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Գիշերը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ապշած է առաջնագծի զինվորականների խորագիտությունից, մի քանի հոլովակ է դիտել ու կարծում է, որ նրանք ճիշտ են։ «Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,-եզրափակել էր վարչապետը։ Փաշինյանի այս գրառումը րոպեների ընթացքում մեծ արձագանք էր գտել, նրան քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ էին մեղադրում, որոշները հրաժարական էին պահանջում։ Իշխանությունից մի շարք ներկայացուցիչներ դրանից հետո հայտարարել էին իրենց պաշտոնը լքելու մասին։
Նա կիսվել է Արցախի ԱԳ նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանի գրառմամբ, որը նույնպես ազատման դիմում է ներկայացրել։
«Կիսվում եմ իմ լավ բարեկամ Հրաչյա Արզումանյանի արժեքավոր կարծիքով և հստակ գնահատականներով, ով նոր է վերադարձել Ստեփանակերտից: Ազատ եմ դա անել, քանի որ ես նույնպես երեկ աշխատանքից ազատվելու դիմումս ներկայացրել եմ ԱԳ նախարարին»,-նշել է նա։
Արզումանյանն իր հերթին հայտարարել էր, թե պետական դավաճանություն է եղել և Արցախի ու ՀՀ ղեկավարները գիտակցաբար են գնացել դրան։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






