ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բաղրամյան 26-ի մոտ հավաքված հադրութցիներին, որոնք իրենց խնդիր-պահանջներն են ներկայացրել։
Ներկայացնելով նախագահի հետ հանդիպման արդյունքները՝ հադրութիցները լրագրողներին հայտնել են, որ նախագահը կիսում է իրենց ցավն ու մտագոհությունը, որ Արմեն Սարգսյանը նշել է, որ առկա իրողությունների պայմաններում քայլ առ քայլ կարող են ինչ-որ փոփոխություն մտցնել իրավիճակում, գրում է Aysor.am-ը։
Նրանք հայտնել են, որ երկրի նախագահը խոստացել է օժանդակել հումանիտար ծրագրերով՝ հադրութցիների սոցիալական խնդիրների լուծման համատեքստում, ինչպես նաև միջազգային կառույցներում կներկայացվեն Հադրութի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը:
Հադրութցիների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նկատել է, որ երկար ճանապարհ է սպասվում:
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ շարունակելու են իրենց պայքարը, բայց մինչև հիմա որևէ նամակի պատասխան չեն ստացել:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Ռազմական գործողությունների արդյունքում Հադրութը ևս մնացել է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






