AM
17 Նոյեմբեր 2020 - 07:12 AMT

ՄԻՊ-ը՝ Գորգիսյանի և Զոհրաբյանի ելույթների մասին․ Անթույլատրելի բառեր են օգտագործվել

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին և ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանի հարցազրույցին՝ նշելով, որ դրանցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ:

Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով», «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ:

«Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ յուրաքանչյուր խոսք ասելիս պետք է պարտադիր նկատի ունենալ դրա կամ արտահայտության հնարավոր բոլոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնողները պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը: