AM
17 November 2020 - 13:09 AMT

Գիշերը հարձակվել են Արծրուն Հովհաննիսյանի վրա․ Ինքնապաշտպանվել է

Նոյեմբերի լույս 17-ի գիշերը 2 անձ է հարձակվել պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վրա։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ, բարեբախտաբար, կարողացել է ինքնապաշտպանվել։

«Նոյեմբերի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:

Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն, քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ յուրաքանչյուր խոսք ասելիս պետք է պարտադիր նկատի ունենալ դրա կամ արտահայտության հնարավոր բոլոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնողները պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը: