AM
19 Նոյեմբեր 2020 - 07:00 AMT

Տոնոյանը հանդիպել է անհետ կորածների հարազատներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած զինծառայողների ընտանիքների անդամներին, որոնց գտնվելու վայրը մինչև այս պահն անհայտ է, նշել, որ որոնողական աշխատանքներն ու տվյալների հավաքագրումը շարունակվում է, հայտնում են ՊՆ-ից։

Տոնոյանը զինծառայողների հարազատներին տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներին ակտիվ ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, որոնց աջակցում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ որոշ հատվածներում աշխատանքներն ավարտված են, և որոնողական խմբերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը նոր տարածքներում։

Ավելի վաղ ԱԺ-ում Տոնոյանը հայտարարել էր, որ անհետ կորածների ցանկը նվազման միտում ունի, քանի որ կան զինծառայողներ, որոնք ողջ-առողջ են։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ընթերցեք նաև․ ՊՆ․ Անհետ կորածների ցուցակը նվազման միտում ունի, ողջ-առողջ զինծառայողներ կան