AM
19 Նոյեմբեր 2020 - 07:18 AMT

ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ԱՀ-ում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով։

Այն կղեկավարի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«2020-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ»,-ասվում է որոշման մեջ։

Աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`

1) սոցիալական ոլորտ,

2) կրթության ոլորտ,

3) առողջապահության ոլորտ,

4) ձեռնարկատիրական ոլորտ,

5) ենթակառուցվածքների ոլորտ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: