ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբորորդին՝ Կառլեն Սարգսյանն անդրադարձել է հորեղբոր՝ Շուշիում ադրբեջանցիների կողմից պղծված արձանին՝ նշելով, որ իր ընտանիքը հնարավոր ամեն տեղ դիմել է՝ այդ արձանն անգամ պայթեցնելու գնով թշնամուն չթողնելու խնդրանքով։
«Մենք իշխանություն չենք, ոչ Հայաստանում, ոչ Արցախում, Պաշտպանության ու մշակույթի նախարար չենք, որ կարողանանք Սպարապետի արձանը տեղափոխել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում էլ համաձայն էինք պայթեցնել: Ասեմ ավելին, նույնիսկ առանց տեղափոխելու՝ խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց»,- գրել է նա:
Ավելի վաղ համացանցում Վազգեն Սարգսյանի արձանի պղծման լուսանկար էր հայտնվել։
Դեռ նոյեմբերի 14-ին Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը գրել էր, որ երբ զոհվածները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանվեն Շուշիից, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ-ում բողոքի ցույցեր են՝ վարչապետի հրաժարականի պահանջով։






