AM
19 Նոյեմբեր 2020 - 08:44 AMT

ՀՀ-ից դեպի Արցախ երկու ճանապարհն էլ բաց է

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական 2 ճանապարհն էլ անցանելի է։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Սակայն այդ ճանապարհով երթևեկել թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը, համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

Նշվում է նաև, որ Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: