Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանի ընդունման դեպքում քաղաքապետն ադրբեջանցի էր լինելու, բնակչության 80%-ը ևս, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Շուշիի մասին հայտարարությունը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Ռուսաստանի նախագահն օրերս հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ին Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը դեմ է եղել դրան, ասել` կռվելու ենք։
Ըստ Եղոյանի՝ Պուտինի հիշատակած օրերին՝ հոկտեմբերի 19-20-ին, ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունիով ու 20 կմ հեռու էր Շուշիից:
«Այդ պայմաններում պատկերացնել, որ ադրբեջանցի փախստականներ են վերադառնալու Շուշի։ Նախ` ինչ պայմաններով են վերադառնալու, ինչ ճանապարհով: Ենթադրում եմ, որ իրենք նաև ճանապարհի հարց պետք է բարձրացնեին: Ու նաև Շուշիի քաղաքապետն էր լինելու ադրբեջանցի, որովհետև քաղաքի 80%-ն առնվազն լինելու էին ադրբեջանցիներ: Ենթադրում եմ, որ քաղաքում հայ ընդհանրապես չէր մնալու: Այդ պայմաններում ինչպես ենք ասում, որ քաղաքը մնալու էր մեր վերահսկողության տակ, եթե քաղաքապետն ադրբեջանցի է», -ասել է Եղոյանը:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ հայտնել է, թե պատերազմի ընթացքում, տեսնելով, որ դրությունը ծանր է, հայկական կողմը համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրանց գումարել է նաև Շուշին։
«Հայկական կողմը, քննարկելով այդ հարցը, որոշել է, որ փաստացի դա նշանակում է Շուշիի հանձնում, որովհետև, եթե Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները, դա նշանակում է հանձնել Շուշին, և որոշել է շարունակել պայքարը, ինչի մասին նաև ասաց ՌԴ նախագահը»,- ասել է Նազարյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը մտածել է, որ Շուշիում ռազմական հաջողություն կունենա՝ պայմանավորված Շուշիի ռազմավարական դիրքով, բայց դա տեղի չի ունեցել: Ըստ Նազարյանի՝ հայտարարությունն ընդունվել է հենց Շուշիի անկման կետում, երբ այդ պահից սկսած չէր լինելու ոչ մի ռազմական հաջողություն, ու ոչ մի զոհ չէր լուծելու ռազմական խնդիր։
Նազարյանի խոսքով, եթե այն ժամանկ ՀՀ-ն համաձայներ փախստականների վերադարձին, կառավարությանը եմղադրելու էին Շուշին հանձնելու մեջ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե «Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»։
Դրանից հետո արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






