AM
19 Նոյեմբեր 2020 - 10:22 AMT

Եղոյանը՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին․ Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա ՀՀ տարածքն է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը կարող է կառուցվել միայն Հայաստանի համաձայնությամբ՝ վկայակոչելով եռակողմ հայտարարության տեքստը, որտեղ նշված է՝ «կողմերի համաձայնությամբ»:

«Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է»,-ասել է նա, գրում է Sputnik Արմենիան:

«Այսինքն՝ որևէ բան կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե չկառուցել՝ տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ, ապագայում: Այս պահին խոսքը անցման թույլտվության մասին է: Այսինքն՝ քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին, այնպես, ինչպես այլ երկրների տարածքով մենք կամ իրենք տեղափոխում են իրենց բեռները: Ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել Սյունիքի մարզից»,- ասել է Եղոյանը։

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ նույն փաստաթղթում նշվում է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանն էլ կարող է պահանջել այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում:

Բայց դա, ըստ Եղոյանի, հետագա բանակցությունների հարց է:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Եռակողմ համաձայնությամբ նախատեսվում է նաև միջանցք տրամադրել Սյունիքով դեպի Նախիջևան։ ՀՀ-ում բողոքի ցույցեր են՝ վարչապետի հրաժարականի պահանջով։