AM
19 Նոյեմբեր 2020 - 12:44 AMT

Հակոբյան․ Սուտը չպետք է գերազանցի իրականության 30%-ը, մերը գերազանցել է 100%-ը

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ ԶՈւ ինֆորմացիոն կենտրոն կա, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ մտցնելը՝ սուտ տեղեկատվություն տարածելը, գրում է Aysor.am-ը։

«Այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գրազանցել է 100 տոկոսը, 100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Դրանից են ծնվում հարցերը. հասարակությունը, կռված տղաները չեն հասկանում՝ ինչու այսպես ստացվեց», – նկատել է նա:

Հակոբյանն ասել է նաև, որ նախկինում զինվորականները չեն խոսել, քանի որ առանց թույլտվության զինվորականներն իրավունք չունեն հարցազրույցներ տալ, հայտարարություններ անել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: