Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման պայմանավորվածությունից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունների հոսքը դանդաղել է, հայտնել է դրա գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, փոխանցում է «Հետքը»։
«Կարծում եմ՝ շատ տրամաբանական է դրամահավաքի դանդաղելու և արագանալու պրոցեսը։ Նշեմ, որ մենք մոտավորապես գիտենք, որ Միացյալ Նահանգներում առնվազն 250 հազար մարդ է մասնակցել դրամահավաքին, նույնքան էլ Հայաստանում։ SMS հաղորդագրություններն էլ եթե հաշվենք, Հայաստանում պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին։ Ասեմ կարևոր մի փաստ՝ հավաքագրված 170 միլիոնից շատ լուրջ հատվածը՝ $60-70 մլն, հավաքագրվել է Հայաստանում»,- նշել է նա։
Անդրադառնալով Հիմնադրամից Կառավարությանը տրամադրված միջոցներին՝ Արշամյանը նշել է, որ դա արվել է գնումների գործընթացն ավելի արագ և օպտիմալ կատարելու համար։
Նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը տրամադրվել է Կառավարությանը, մյուս մասը՝ դեռ չի ծախսվել։
«Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը, որը ներառում է ոչ միայն պետական այրերին, այլև Սփյուռքի կազմակերպություններին, բարերարներին, որևէ մեկը դեմ չի քվեարկել։ Իսկ Կառավարությանն այդ հատկացումը կատարվել է հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։ Եկեք այս պահին գումարի չափի մասին չխոսենք, մինչև հիմնադրամն աուդիտ չանցնի։ »,-ասել է նա։
Նա նշել է, որ Կառավարությանը փոխանցված գումարով փախստականների հետ կապված ամբողջ գործընթացն է կազմակերպվել, առողջապահական ծախսեր են կատարվել։
Նոյեմբերի 19-ի դրությամբ Հիմանդրամին փոխանցվել է $170 մլն-ից ավելի գումար։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






