AM
20 Նոյեմբեր 2020 - 06:51 AMT

Հակոբյանը` պետգաղտնիք բացելու ՊՆ հայտարարության մասին․ Կորոշի իրավասու մարմինը

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության հայտարարությանը, որտեղ նրան մեղադրում են պետական գաղտնիք բացահայտելու մեջ, ասել է, որ ՊՆ-ն այդպիսի իրավունք չունի, դա պետք է որոշի իրավասու մարմինը։

Հակբոյանը հավելել է նաև, որ ավելի մանրամասն կարձագանքի Պն հայտարարությանը, գրում է «Առավոտը»։

Հակոբյանը պատերազմական իրողությունների մասին իր աղմկահարույց ասուլիսից հետո հրավիրվել էր ՀՔԾ։ Նա ասել է, որ իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել, որևէ կարգավիճակ չունի, իրեն հրավիրել են, հարցաքննել ու ճանապարհել: Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ իրեն հարցեր են ուղղել իր հարցազրույցի հետ կապված:

«Բոլոր դրվագներով հարցեր էին տալիս, բոլորի վերաբերյալ, որոնք քննչական մարմինները գտել են անհրաժեշտ է, հարցրել են, ուզում էին ճշտել»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ Հակոբյանը մամուլի ասուլիսում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում ՀՀ միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է երկրի պաշտպանունակությունը։

Հակոբյանն ասել է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 70%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով, այստեղ «հանցագործություն է կատարվել», երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրման բարդ գործընթացը և կամավորականներին առաջնագիծ ուղարկել։ Ըստ նրա՝ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար ու գիտեն, որ գալու է ժամանակը, որ պատասխան են տալու, ձայնագրել են այս խոսակցությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: