ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈւ կողմից բարբարոսության դրսևորումների մասին՝ նշելով, որ կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ։
Նշվում է, որ ոչնչացվում և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:
Խստորեն դատապարտելի է նաև Արցախի քաղաքացի Ջոնիկ Թևոսյանի նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:
«Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը:
Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հարգանքը և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել ևս ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը:
Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։Ադրբեջանցի զինծառայողի` համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում դրա գմբեթներն արդեն չկան։
Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Մեխակավանի սբ Աստվածածին եկեղեցիների, այլ հուշարձանների վանդալիզմից։






