Նոյեմբերի 22-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն կկատարվի հայկական բոլոր եկեղեցիներում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի Սուրբ պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






